Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Կիթառի փառատոնի մասնակիցները հանդես կգան վարպետության դասերով

Կիթառի փառատոնի մասնակիցները հանդես կգան վարպետության դասերով
30.06.2016 | 14:33

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 28-ին մեկնարկեց Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը: Երկրորդ տարին անցկացվող փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:

Երաժշտական տոնը մեկնարկեց ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփփելի (Գերմանիա) ելույթով, ով տպավորված էր հայ հանդիսատեսի ընդունելությունից: «Առաջին անգամ եմ Հայաստանում: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Ժորա Սարգսյանն ընկերս է, եղել է իմ ուսանողը: Նա կազմակերպեց փառատոնը և հրավիրեց ինձ: Ես ուրախ եմ, որ առաջին անգամ այստեղ եմ: Շատ լավ հանդիսատես է»,-ասաց Հյուբերթ Քեփփելը` նշելով, որ շատ կարևոր է, որ փառատոնը պարբերական բնույթ կրի: Քեփփելն իր սերնդի ամենաազդեցիկ ուսուցիչներից և կիթառահարներից է, վարպետության դասեր է անցկացնում բազմաթիվ միջազգային փառատոնների ընթացքում, ինչպես նաև երաժշտական մրցույթներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ: Նա ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիրն է, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում: Հիմնադրել է Koblenz International Guitar Academy-ն (Կոբլենցի միջազգային կիթառի ակադեմիա): Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնի բացմանը Քեփփելը կատարեց Լ. Բրաուերի, Լ.Դե Միլանի, Հ.Վ.Հենցի, Օ.Հանթի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Երկրորդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից, Երևանում տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 1-ը:
Փառատոնային երկրորդ համերգն ելույթ է ունեցել կիթառահար Դմիտրի Մուրինը (Ռուսաստան): Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաև Մոսկվայում անցկացվող Ալեքսանդր Ֆրաուչիի անվան կիթառահարների միջազգային մրցույթ-փառատոնի տնօրենը: Դասավանդում է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում: Փակման երեկոյին հուլիսի 1-ին հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա): Ճանաչված կիթառահարը, վերհիշելով իր հայաստանյան նախորդ վարպետության դասը, շեշտեց, որ մեր երկրում շատ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ կան, և նրանց անհրաժեշտ է աջակցել:

Երաժշտական տոնը կազմակերպել են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը: Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ